Երբևէ մտածե՞լ եք տիեզերքի չափերի մասին: Բազմիցս լսած կլինեք ահռելի, անծայրածիր տարածության, միլիարդավոր կիլոմետրերի, բազմաթիվ լուսատարիների մասին, բայց արդյոք փորձե՞լ եք, կամ եթե փորձել եք, արդյոք կարողացե՞լ եք պատկերացնել այդ տարածությունը:
Լուսինը՝ մեր մոլորակի արբանյակը, մեզ ամենամոտ երկնային մարմինն է և գտնվում է Երկիր մոլորակից 384 467 կմ հեռավորության վրա: Դա ավելի քան 30 անգամ մեծ է Երկրագնդի տրամագծից (12 756 կմ):
Մեր լուսատուի՝ Արևի հեռավորությունը 147-152 մլն. կմ է:
Լույսի արագությունը շուրջ 300 000 000 մ/վ է, և չնայած այդ ահռելի արագությանը՝ Արևի լույսը Երկիր մոլորակ է հասնում մոտավորապես 8 րոպե 19 վայրկյանում:
1 լուսատարին մեկ տարում լույսի անցած ճանապարհն է: Այն հավասար է 9 460 730 472 580,82 կմ-ի: Արեգակին ամենամոտ աստղը՝ Ալֆա Կենտավրը, գտնվում է նրանից 4,22 լուսատարի հեռավորության վրա, իսկ մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթինի (Հարդագողի ճանապարհ) տրամագիծը 100 000 լուսատարի է:
Այսպես կրելի է անընդհատ հեռանալ. մետրերը կփոխվեն կիլոմետրերի, կիլոմետրերը լուսատարիների, լուսատարիները անսահմանության: Իսկ ի՞նչ է անսահմանությունը. բառ, որը շատ հաճախ լսում ենք բոլորս, բայց ի զորու՞ է արդյոք մարդկային ուղեղը հասկանալ և պատկերացնել այն...
Եկեք դիտենք մի տեսանյութ, որտեղ հեռանալով Երկիր մոլորակից՝ լույսի արագությամբ կճանապարհորդենք դեպի տիեզերքի ծայրը: Կհասնենք մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին, գալակտիկաների խմբերին և վերջապես 10 մլրդ. տարի հետո մեր առջև կբացվի ահռելի տիեզերքի ամբողջական պատկերը իր ողջ հմայքով ու վեհությամբ:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.