![]() |
World of Warcraft-ը աշխարհի ամենահայտնի օնլայն խաղերից է, որը իրենից ներկայացնում է մի ամբողջ աշխարհ, որտեղ խաղացողը ղեկավարում է իր կերպարին և գործ է ունենում ինչպես համակարգչի, այնպես էլ միլիոնավոր ուրիշ մարդկանց կողմից ղեկավարվող կերպարների հետ:
2005թ.-ի աշնանը WoW-ի աշխարհում ժանտախտի համաճարակ տարածվեց: Վիրտուալ քաղաքների փողոցները լի էին դիակներով: Ցածր մակարդակի կերպարները միանգամից մահանում էին, իսկ բարձրերը մի կերպ էին դիմանում: Մահը արագորեն տարածվում էր նախ հիվանդ աշխարհի բնակեցված վայրերում, իսկ հետագայում այն տարածվեց խաղի բոլոր աշխարհներում և մակարդակներում:
Սկզբում խաղացողները մտածում էին, որ պատճառը ծրագրային սխալն է, բայց ավելի ուշ պարզվեց, որ դա այդպես չէ...
Խաղի՝ գետնի տակ բնակվող վիրտուալ հրեշներից մեկը, օժտված է հետևյալ հատկությամբ. նա կարողանում է թունավոր հեղուկ լցնել բոլոր նրանց վրա, ովքեր մտել են իր քարայր՝ ոսկի գողանալու: Հեղուկը աստիճանաբար սպանում է այդ կերպարին և վարակում է նրա ընկերներին:
![]() |
Համաճարակի տարածումը WoW-ում: Նկարում ամենուրեք կարող եք տեսնել խաղի՝ հիվանդությունից մահացած կերպարներ: |
Մի քանի օր ծրագրավորողները պայքարում էին մահացու հիվանդության դեմ: Չնայած գործադրված ջանքերին՝ ժանտախտին հաղթել հաջողվեց միայն մի քանի անգամ խաղը թարմացնելուց և ամբողջ համակարգը վերագործարկելուց հետո:
Ամբողջ աշխարհի համաճարակաբանները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին այս դեպքի նկատմամբ: Արվեցին մի շարք լուրջ հետազոտություններ, որոնք ցույց տվեցին, որ խաղում հիվանդության տարածումը շատ նման է իրական կյանքին. հիվանդության տարածումը կենդանիների միջոցով, մարդկանց անպատասխանատվությունը, արագ տարածումը մայրցամաքների միջև: Պարզ դարձավ, որ WoW-ի նման օնլայն խաղերը հիանալի միջոց են տարատեսակ սոցիալական և համաճարակաբանական երևույթների փորձարկման համար: Ոչ մի ուրիշ միջոցով հնարավոր չէ նման պայմաններ ստեղծել. իրական աշխարհում փորձի համար ոչ-ոք համաճարակ չի տարածի, իսկ մաթեմատիկական մոդելները ի վիճակի չեն նկարագրել մարդկանց վարքը:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.